main.auroranews
Ծեծկռտուք և խառնաշփոթ Ավագանու նիստում
Արտակարգ իրավիճակ ստեղծվեց Երևանի ավագանու նիստի ժամանակ: Իսկական խառնաշփոթը սկսվեց այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում:
Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:
Tert.am-ի հաղորդմամբ՝ «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց: Գոռ Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի անդամներ հարձակվեցին Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և վիրավորանքներ ու հարվածներ հասցրեցին միմյանց:
Քաշքշուկին խառնվեցին «Ելքի» անդամները, այնուհետև ոստիկանություն կանչեցին: ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ տարաներում ծծմբաթթու է, որը վնասակար է առողջության համար։ Նիստը ընդմիջվեց, լրագրողներին բռնի կերպով քաշքշելով դուրս հանեցին նիստերի դահլիճից:
14:25
Այս ժամի դրությամբ Ավագանու նիստը շարունակվում է:«Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը եւ Սոնա Աղեկյանը մասնակցում են նիստին: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հարվածներ է ստացել: Նշենք, որ Ավագանու ՀՀԿ-ական անդամ Մարտին Վարդազարյանին իջադեպից հետո հիվանդանոց են տեղափոխել: Քաղաքապետարան են եկել մեծ թվով ոստիկաններ եւ շտապօգնության աշխատակիցներ:
Ուշագրավ է, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ իրականում նրանք ոչ թե շտապօգնության, այլ հոգեբուժարանի աշխատակիցներ են: Իսկ նիստը մոտ մեկ ժամ ընդմիջվելուց հետո շարունակվեց: Տարոն Մարգարյանը նախազգուշացրեց, որ հաջորդ անգամ Երկիր ծիրանիի ավագանիները նիստից պարզապես կհեռացվեն: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ձայն խնդրեց եւ Տարոն Մարգարյանի փոխարեն ներողություն խնդրեց մայրաքաղաքի բնակիչներից կատարվածի համար, սակայն ակնարկեց, որ Երկիր ծիրանի խմբակցությունն է միջադեպի պատճառը դարձել:
Տեսանյութերը՝ 1in.am-ի, Factor.am-ի: