Ինչ կլինի մանկապարտեզն ավարտած, բայց դեռ դպրոց չհաճախող երեխաների հետ
Ինչպես հայտնի է՝ մանկապարտեզներում ավարտական խմբերի սաները, ովքեր պատրաստվում են սեպտեմբերին դպրոց հաճախել, հուլիսի 1-ից այլևս չեն հաճախում մանկապարտեզ: Այսինքն, 2 ամիս երեխաները ստիպված են մնալ տանը կամ օգտվել վճարովի ոչ պետական կենտրոնների ծառայություններից:
Այս փաստը մտահոգում է աշխատող ծնողներին, և հատկապես այն ծնողներին, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են և չեն կարող օգտվել վճարովի ծառայություններից: Այս առնչությամբ, ի դեպ, օրերս համապատասխան նամակով քաղաքապետարանի հանրակրթության վարչություն էր դիմել Ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Խնդրին պորձեց հետամուտ լինել նաև Ավրորա Մեդիան:
Մենք դեռևս անցած ուրբաթ կապ հաստատեցինք Քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ, որտեղից այդ ժամանակ հայտնեցինք, որ հենց այդ պահին նշված խնդրով խորհրդակցություն է անցկացվում, և մեզ խոստացան որոշման վերաբերյալ տեղեկություն հայտնել երկուշաբթի:
Նախօրեին տեղի ունեցավ սպասելին՝ քաղաքապետի հրաժարականը, ուստի քաղաքապետարանի հետ կրկին կապ հաստատեցինք արդեն այսօր:
Հանրակրթության վարչությունից մեզ փոխանցեցին, որ խնդրին որևէ լուծում դեռևս չի տրվել, և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է: Վերոնշյալ վարչությունից որոշումը չփոփոխելը հիմնավորվում է նույն կերպ, ինչպես նախկինում:
Ասել է թե՝ երեխան, ցանկալի է, այդ երկու ամիսը մնա ծնողների հոգածության ներքո և ըստ արժանվույն նախապատրաստվի դպրոցական շրջանին: Իսկ թե ում հոգածության ներքո պետք է մնան այն երեխաները, որոնց ծնողները աշխատում են, որևէ մեկը չի կարող ասել: