Օրվա լրահոս

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը համարում է, որ ոլորտում գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է եւ չի դրսեւորվում որպես ինստիտուտ: Այսօր լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է բժշկական համայնքի՝ այդ խնդրին առնչվող դժգոհություններին: Նա նշել է, որ գլխավոր մասնագետները հաճախ դա օգտագործում են որպես տիտղոս․ «Ոնց են մարդուն շնորհում ազգային հերոսի կոչում: Մենք վերափոխել ենք առանց անձնավորելու, որպեսզի դա ավելի գործուն լինի, ու չչարաշահվի, չլինի ասենք՝ գլխավոր սրտաբան, որը մնացած բոլոր սրտաբաններին թելադրում է ոնց պետք է աշխատեն»: Aravot.am-ը գրում է, որ նախարարի պաշտոնակատարը նաեւ անդրադարձավ իր նախկին աշխատանքի վերաբերյալ լուրերին. «Ես 2011-ին Հայաստան եմ բերել մոտ 1 մլն դոլար ներդրում այդ կենտրոնը (ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոն Ն.Բ.) բացելու համար: Կենտրոնը բացվելու օրվանից եղել է լավագույնը, մի դրամ ներդրում չեմ արել, փայ չունեմ, ռուսական մեծ ընկերության մասնաճյուղ է: Միշտ պետության հետ ունեցել եմ խնդիր պետպատվեր ստանալու համար՝ պետպատվեր մեզ չեն տվել: Ալթունյան, ընդհանրապես… առաջին տարում կտրեցին, էս փետրվարին տվեցին, վերջը հանձնվեցին՝ տվեցին: Ասեմ՝ վերաբաշխում է լինելու, ոչ մի նման կենտրոն ավել գումար չի ստանալու»: Այդ կենտրոնը հիմա ղեկավարում է Թորոսյանի կինը: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ «Դա է եղել իմ նշանակվելու ժամանակ պայմանը, որ կարող էի համաձայնվեի այս պաշտոնում: Շատերին թվում է մենք այստեղ բամբակի ու մանանայի մեջ ենք ամբողջ օրը թաթախված: Բայց, հակառակն է, ամբողջ օրը մեր ընտանիքներից, երեխաներից ու ամեն ինչից կտրված ենք, ու անտանելի պայմաններում ենք աշխատում: Ես 2 միլիոն դրամ աշխատավարձից եկել եմ 500 հազար դրամ աշխատավարձին»:

Վերջին նորություններ