Ովքե՞ր են ֆինանսավորել հաղթածների քարոզարշավը
«Հետքի» տվյալների լրագրության թիմը լուսանկարել է ընտրությանը մասնակցող 11 քաղաքական ուժի՝ մոտ 460 էջ բանկային փոխանցման օրդերները, որտեղ երևում է, թե ովքեր են գումար նվիրաբերել այս կամ այն քաղաքական ուժին, և թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը։ Լրատվամիջոցը ներկայացրել է այն քաղաքական ուժերի ֆինանսական շարժը, որոնք ընտրվել են և պետք է ներկայացնեն բնակչության շահն ապագա խորհրդարանում։ Լրատվամիջոցը գրում է․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ այս կուսակցության քարոզչության համար գոյացած ֆինանսական միջոցների մոտ 60 տոկոսը գոյացել է կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուների փոխանցումներից։ Այդ թեկնածուների կեսից ավելին, սակայն, ունեն ավելի քիչ գումար, քան նվիրաբերել են։ Օրինակ՝ ԲՀԿ-ական թեկնածու Ալեքսանդր Մանուկյանը հայտարարագրել է 160 հազար դրամ, բայց կուսակցության քարոզարշավին նվիրաբերել է 4 մլն 995 հազար դրամ։ Եթե անգամ Մանուկյանն իր մոտ եղած վերջին գումարը նվիրաբերեր քարոզարշավին, նա պետք է ինչ-որ մեկից նվիրատվություն ստանար ևս 4 մլն 835 հազար դրամ, որ կարողանար իրականացնել իր նվիրատվությունը։ Քանի որ Ալեքսանդր Մանուկյանի նման 10 այլ թեկնածուներ էլ կան, կարելի է ենթադրել, որ նրանք կամ նվիրաբերել են այլ անձանց պատկանող գումարն՝ իրենց անվան տակ, կամ էլ բարեխղճորեն չեն հայտարարագրել իրենց դրամական միջոցները։ «Իմ քայլը» դաշինք Քարոզչությունը 75 տոկոսով ֆինանսավորվել է կրկին ցուցակում առկա թեկնածուների կողմից։ Թեկնածուները, սակայն, նվիրաբերել են իրենց հայտարարագրած դրամական միջոցների միջինում 20 տոկոսը։ Միայն թեկնածու Սիփան Փաշինյանն է նվիրաբերել 4 անգամ ավելի շատ գումար, քան հայտարարագրել է։ Վերջինիս ունեցած գումարը կազմում է 972 661 դրամ, բայց նվիրաբերել է 4 մլն դրամ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Լուսավոր Հայաստանի» նախընտրական քարոզչության գումարը գրեթե ամբողջությամբ գոյացել է միայն թեկնածուների փոխանցումներից, ինչպես երևում է ԿԸՀ-ի կողմից մեզ տրամադրված փաստաթղթերում։ Այստեղ նույնպես գտնվել են թեկնածուներ, ովքեր նվիրաբերել են ավելի շատ գումար, քան հայտարարագրել են։ Օրինակ՝ Անի Սամսոնյանը հայտարարագրել է 204 հազար դրամ, բայց նվիրաբերել 1 մլն դրամ։ Նույն կերպ Աննա Կոստանյանը հայտարարագրել է 900 հազար դրամ, բայց նվիրաբերել 1 մլն դրամ»։

Քաղաքականություն

Պատահարներ