«Տաշիր կաթ» գործարանում 10 տարի շարունակ «բանտարկված» արջերը կան
Լոռու մարզի Տաշիր քաղաքում պանրի գործարանի տարածքում անազատ պայմաններում երկու արջ է պահվում: Նախնական ահազանգի համաձայն՝ արջերը պահվում են Տաշիր քաղաքի պանրի գործարանի հարակից տարածքում, որտեղ նախկինում կարի արտադրամաս է եղել, հայտնում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը: Ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ արջերը պահվում են «Տաշիր կաթ» ԲԲԸ պատկանող տարածքում: Արձագանքելով առաջին հրապարակմանը՝ մեկ այլ քաղաքացի հայտնել է. «Իսկապես արջերը պահվում են ահավոր պայմաններում: Ես ինքս եմ մի քանի անգամ տեսել, փողոցի անցորդներն էլ մոտենում ու նայում են: Դե, Սամվել և Կարեն Կարապետյաններին պատկանեղ տարածք է դա»: Աղբյուրը կապ է հաստատել նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերից մեկի, նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի ավագ որդու՝ Վահե Կարապետյանի հետ, ով հաստատել է տեղեկությունը՝ ամբողջությամբ ներկայացնելով դեպքի մասնրամասները: Զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև կենդանիների խնամքին հետևող ընկերության աշխատակիցը, պարզ է դարձել, որ պանրի գործարանի և կարի արտադրամասի հարակից տարածքում պահվող արջերը վայրի բնությունից են, որոնք 2008թ.-ին հայտնվել էին վանդակում` հավանաբար ապօրինի որսի հետևանքով: Վերջինս մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես են կենդանիները հայտնվել վանդակում. «Ստեփանավանի և Ալավերդու անտառներում մոտ 10 տարի առաջ սպանել էին մի արջի, ու ձագերին գտել էր տեղի բնակիչներից մեկը։ Հետո մեզ էին դիմել՝ ասելով, որ դիմել են Կենդանաբանական այգի, չեն վերցրել, այն ժամանակ կհիշեք, այգում այդքան էլ լավ պայմաններ չէին։ Ճիշտն ասած, քանի որ մենք սիրում ենք բնությունն ու կենդանիներին, իրականացնում ենք բնապահպանական ծրագրեր, խնդրեցինք, որպեսզի այս կողմ այն կողմ չգցեն, չտանեն ինչ-որ մեկի բակում պահեն, կառուցեցինք վանդակ և սկսեցինք խնամել արջերին: Մենք Կենդանաբանական այգուն անգամ առաջարկեցինք՝ կլինի՞ դուք պահեք, մենք ֆինանսավորենք սնունդը, իրենք ասացին, որ այնտեղ այնքան վատ ֆինանսական վիճակ է ու դեռ պարզ չէ, թե ինչ կլինի, հետո լսեցինք, որ փոխվել են, ինչ-որ նոր տնօրեն ունեն և այլն»: Ըստ էության, Սամվել Միքայելյանը ոչ միայն չի բարձրաձայնել տեղի ունեցած ապօրինի որսի մասին, այլև մասնակցություն է ունեցել հետագա գործողություններին: Վերոնշյալ հանգամանքից բացի, ԵԿԱ նախկին գլխավոր կենդանաբույժի կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվության ձևաչափն ու որակը կասկածներ է առաջացնում, քանի որ արդեն իսկ բնական չէ, որ կենդանաբույժը զբաղվում է արջերի վանդակների նախագծման աշխատանքներով:

Քաղաքականություն

Պատահարներ