Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով․ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին
«Իմ քայլը» դաշինքի ծրագրում խոշոր տառերով գրված էր, որ մենք ներգրավելու ենք աղբահավաքության երկրորդ օպերատոր, սակայն 3 ամսում ոչինչ չեք արել այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Այդ հարցով իմ նամակին ժամկետի մեջ չեք պատասխանում: Ես մտածում էի, որ ուշացնում եք, որովհետեւ դարակազմիկ որոշում եք կայացնում, բայց պարզվում է՝ ոչ մի որոշում էլ չկա: Ես այստեղից եզրակացնում եմ՝ դուք չգիտեք ինչպես լուծել այդ խնդիրը եւ անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Հաջորդ եզրակացությունը: Դուք դա չեք ուզում, որովհետեւ համակրում եք «Սանիթեքին», որը ինչ-որ ներդրումներ է անում, բայց ոչ քաղաքի ոլորտում: Կամ գուցե ձեզ սպառնո՞ւմ են, շանտա՞ժ են անում, վախեցնում են, կիսվեք ձեր մտահոգություններով: Միգուցե մենք կարողանանք ձեզ այդ հարցում օգնել»: Անի Սամսոնյանը կոչով դիմեց քաղաքացիներին, հորդորելով ֆլեշմոբ կազմակերպել եւ իրենց ֆեյսբուքյան էջերից աղբի նկարներ ուղարկել քաղաքապետին ու մյուս պաշտոնյաներին. «Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով: Մարդիկ էլ չեն գնալու «Սանիթեք»-ի դիմաց ակցիա անեն, մաշված, կեղտոտ ու կոտրված կոնտեյներները բերելու են քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակեն: Սա լինելու է ձեր աշխատանքի երեք ամսվա արդյունքը»,-հայտարարեց Անի Սամսոնյանը:

Քաղաքականություն

Պատահարներ