Հայկական կողմին հանձնեք գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին․ Նարինե Մկրտչյան
ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Այս մասին ասված է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի տարածած հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև. «Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրելով, որ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով՝ ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը և մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներն ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն վերածվել է տեղի խաղաղ բնակչության կյանքի համար սպառնալի, ահաբեկիչ գործոնի: 1. 2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձան Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ: Հանցագործության սոսկալի բնույթը և հետաքննության ոլորանները պատճառ դարձան Հայաստանի քաղաքացիական հասարակության բուռն ընդվզման, որի արդյունքում միայն փորձ կատարվեց մասամբ թափանցիկ և բազմակողմ հետաքննություն անցկացնել՝ կանխելով 102-րդ ռազմահենակետի ղեկավարության փորձերը հանցագործությունը քողարկելու և անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանափակելու ուղղությամբ: Հայ հասարակությունը, մասնավորապես գյումրեցիները, այդպես էլ չստացան երաշխիքներ, որոնք կերաշխավորեին նման ահավոր միջադեպերի հետագա բացառումը: 2.ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետևանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման և ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետևանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի և անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը: Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ ծեծի ենթարկվելով՝ ռուս զինծառայողը սպանեց հայ կնոջը: 1. Մենք պահանջում ենք առավելագույն թափանցիկություն և հանրային վերահսկողություն սահմանել գործի հետաքննության ողջ ընթացքում, որպեսզի բացառվեն ռազմահենակետի ղեկավարության կողմից աչառու քայլերը: Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ և ռազմահենակետի ներքին նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն ՀՀ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի իսպառ բացառումը: Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք ՌԴ բարձրագույն ղեկավարությանը առկա հանգամանքների մասին՝ ձեռնարկելու անհրաժեշտ, գործնական քայլեր իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ: 2. Մենք պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը և ենթարկվեն դրան Հայաստանի ողջ տարածքում: 3. Մենք պահանջում ենք հայկական կողմին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին: Ելնելով վերոշարադրյալից՝ մենք ընդգծում ենք, որ այդ պահանջները չկատարելու դեպքում մենք կարձանագրենք, որ ՌԴ ռազմահենակետի հետագա գոյությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր և կասկածահարույց է դառնում, այլև մեր ազգային շահերին հակասող և անհեռանկար: Մենք հետևողական ենք լինելու մեր պահանջներում»: Նարինե Մկրտչյանը նաև հայտնել է, որ վաղը՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12-ին, ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող վարքագծի: Ցույցի ընթացքում ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաև ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը»:

Քաղաքականություն

Պատահարներ