Օսիպյանին դատի կտան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանը մտադիր է քաղաքացիական հայց ներկայացնել գործող ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ՝ 12 հազար դրամի պահանջով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եղնուկյանը: Նա հիշեցնելով, թե ինչ 12․000 դրամի մասին է խոսքը՝ նշեց, որ 2015 թվականի դեկտեմբերի դեպքերի մասին է: Այն ժամանակ Եղնուկյանը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Օսիպյանն անձամբ խլել էր տոնածառն ու կոտրել: Եղնուկյանի խոսքով` այդ ժամանակ կոտրել էին նաև իր` Ձմեռ պապու դերով հանդես գալու ստվարաթղթե գավազանը: Եղնուկյանը ընդգծեց, որ 12․000 դրամ ընդհանուր արժեքով տոնածառն ու գավազանը կոտրվել են ապօրինի, ու ինքը հիմա պահանջում է փոխհատուցում անձամբ Օսիպյանից: Եղնուկյանը նշեց, որ խնդիրը ոչ թե գումարը վերադարձնելն է, այլ այժմյան ոստիկանապետին բերել այն մտքի, որ պարտավոր է հարգել մարդկանց իրավունքները:

Քաղաքականություն

Պատահարներ