Ընդդեմ բնակարանային գողերի. Օսիպյանը հանձնարարել է աշխատել առանց հանգստի
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երեւանի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծել է, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարել է գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։ Վալերի Օսիպյանը առանձնահատուկ կարևորեց բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարել է ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարեց անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Խորհրդակցության ավարտին Վալերի Օսիպյանը եւ՛ տեղակալներին, եւ՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ