Գազի գինը կբարձրանա՞․ի՞նչ սպասենք Պուտին-Փաշինյան հանդիպումից․ Իգիթյան
Դեկտեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից «Իմ քայլը» դաշինքի կազմում պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը սպասումներ չունի։ «Երկու կողմերն էլ հայտարարել են, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իգիթյանը։ Հարցին, թե նոր փոփոխություն հնարավո՞ր է սպասել, օրինակ, գազի գնի բարձրացման մասին էր վերջերս խոսվում, Իգիթյանը պատասխանել է․ «Ճիշտն ասած, տեսնելով, թե որ լրատվամիջոցներն են գազի գնի բարձրացման մասին նյութը նետել հասարակությանը, ես գիտեմ՝ ինչ նպատակ են հետապնդում։ Գազի գնի բարձրացման կամ չբարձրացման հարցը այդպես չի լուծվում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ մի լրատվական միջոց ունի այդ լուրը, իսկ ուրիշը չունի։ Ավելին, պաշտոնյաներն էլ այդ մասին չգիտեն»։ Հովհաննես Իգիթյանի խոսքով, եթե այդուհանդերձ գազի գնի հարց քննարկվի երկու երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ապա Հայաստանի վարչապետը «վստահաբար առաջնորդվելու է Հայաստանի շահով»։ «Նույն Ռուսաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ իր դաշնակիցները ունեն հատուկ վերաբերմունք։ Դե կտեսնենք այդ վերաբերմունքը», - նշել է Իգիթյանը։

Քաղաքականություն

Պատահարներ