ՀՀ ԱԳՆ-ի կոշտ պատասխանը Էլմար Մամեդյարովին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության առնչությամբ կարող է երկու մոտեցում լինել, կարծում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն»,– նշված է ԱԳՆ–ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ Ըստ Նաղդալյանի` պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: «Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»,– ասել է նա: Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տրամադրել։

Քաղաքականություն

Պատահարներ