«Ղարաբաղ Տելեկոմի» տնօրենը ծաղրանքի է ենթարկում Արցախի ժողովրդին․բաց նամակ Բակո Սահակյանին
Արցախյան պատերազմի հերոս Կարեն Մադունցի կինը՝ Սուսաննա Մադունցը բաց նամակով դիմել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, նշելով․ ««Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրեն Կ․ Օդաբաշյանը ծաղրանքի է ենթարկում Արցախի ժողովրդին՝ թանկ արժեցող սակագնային պլաներով և անորակ, բայց թանկ ինտերնետային կապով, այժմ էլ իր որոշումներով նվաստացնում է իր վաստակավոր աշխատակիցներին։ Իմ և հայրենակիցնեիս մոտ հարց է առաջանում․ ինչի՞ հիման վրա է մարդուն, ով ժամանել է Կանադայից, Արցախի հետ ոչ մի կապ չունի և իր համար դուրս է գրում մի քանի միլիոն դրամների աշխատավարձ, թույլատրվում կրճատել մասնագետներին, այրիներին և ընչազուրկ աշխատողներին և թողնել նրանց առանց մի կտոր հացի»։ Տիկին Մադունցի նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն նախագահ Բակո Սահակյան Ձեզ դիմում է Արցախյան պատերազմի հերոս Կարեն Մադունցի կինը։ Մարտական գործողությունների ամենասկզբից ես և ամուսինս առաջին շարքերում ենք եղել։ Թե ամուսինս, թե ես, որ 19 տարեկան էի և երեխայի էի սպասում, երբեք չենք մտածել փախչել պատերազմից և այլ երկիր տեղափոխվել։ Սակայն այսօր հանգամանքներն այնպես են դասավորվել, որ մենք ստիպված ենք լքել մեր հողը՝ այլ քաղաքում աշխատանք գտնելու ակնկալիքով, քանի որ Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրեն Կ․ Օդաբաշյանը Կարեն Մադունցին դրել է ընտրության առջև՝ կամ հեռանալ պաշտոնից, կամ հեռացնել իր գլխավոր ինժեներին ու գլխավոր հաշվապահին։ Վերջիններիս հարվածի տակ չդնելու համար Կարենը ներկայացրել է ազատման դիմում։ Հադրութ քաղաքում ծնված Կարեն Մադունցը 1990թ-ից մասնակցել է ֆիդայական շարժմանը։ 1992 թ-ին նշանակվել է առաջին պաշտպանական շրջանի կապի պետ։ 1996-1997 թթ եղել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։ 1997-2000 թթ նշանավել է մոտոհրաձգային բրիգադի կապի պետ։ 2000-2002 թթ “Արցախ կապի” Հադրութի մասնաճյուղի տնօրենն է եղել։ 2002թ - առայսօր զբաղեցնում էր “Ղարաբաղ Տելեկոմի” Հադրութի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Կարենի աշխատանքային ստաժը կապի համակարգում կազմում է 30 տարի՝ սկսած 1988 թվականից։ 1995 թ պարգևատրվել է “Մարտական խաչ” 1-ին աստիճանի շքանշանով։ 20017 թ պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի վարչապետի պատվո շքանշանով։ Ամուսինս ազնվորեն և արժանապատվորեն կատարել է իր ռազմական և քաղաքացիական պարտքը հայրենիքի առջև, որը պաշտպանել է՝ չխնայելով ուժն ու առողջությունը։ Սակայն այսօր նա ստիպված է լքել հայրենիքը, որպեսզի կարողանա պահել իր ընտանիքը։ Եվ դա տեղի է ունենում “Ղարաբաղ Տելեկոմի” գլխավոր տնօրեն Կ․ Օդաբաշյանի անպարկեշտ որոշման պատճառով, ում համար Արցախը միայն բիզնեսի տիրույթ է։ Նա արդեն իսկ ծաղրանքի է ենթարկում Արցախի ժողովրդին՝ թանկ արժեցող սակագնային պլաներով և անորակ, բայց թանկ ինտերնետային կապով, այժմ էլ իր որոշումներով նվաստացնում է իր վաստակավոր աշխատակիցներին։ Իմ և հայրենակիցնեիս մոտ հարց է առաջանում․ ինչի՞ հիման վրա է մարդուն, ով ժամանել է Կանադայից, Արցախի հետ ոչ մի կապ չունի և իր համար դուրս է գրում մի քանի միլիոն դրամների աշխատավարձ, թույլատրվում կրճատել մասնագետներին, այրիներին և ընչազուրկ աշխատողներին և թողնել նրանց առանց մի կտոր հացի։ Շնորհակալ եմ»։ Aurora News-ը բաց նամակը ուղարկել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին: Մեզ հետ ունեցած զրույցում Բաբայանը նշեց, որ նամակը ի գիտություն է ընդունվել, դրա պատասխանը կլինի ավելի ուշ, քանի որ տարբեր գերատեսչությունների կողմից ուսումնասիրության անհրաժեշտություն կա։

Քաղաքականություն

Պատահարներ