Վարորդին աշխատանքից հեռացրել են կոպիտ խախտմամբ․ Մեսրոպ Մինասյան
Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը աշխատանքից հեռացվել է կոպիտ խախտմամբ։ Նման կարծիք է հայտնել «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի պատասխանատում Մեսրոպ Մինասյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Հարգելի խմբակիցներ, այսօր Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որով ասվում է, որ իմ կողմից Դեկտեմբերի 24-ին տարածած տեսանյութի հիման վրա ավտոբուսի վարորդին Դեկտեմբերի 25-ի Երևան Ավտոբուս ՓԲԸ-ի տնօրենի որոշմամբ ազատել են աշխատանքից։ Արդարության համար պետք է ասեմ հետևյալը՝ Երևան Ավտոբուս ՓԲԸ-ի կողմից աշխատանքից ազատման 277/Ա հրամանը, որում հղում է արվում աշխատանքային օրենսգրքի 113 և 120 -րդ հոդվածներին, կատարվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Այդ հոդվածներով հիմնավորելով հրամանը քաղաքապետարանը պնդում է թե իբր աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է նրա հետ, որ մասնագիտական ունակությունների անբավարարության կամ առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Նշեմ, որ տվյալ վարորդը ՃՈ-ի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվել է իր կատարված արարքի համար, բայց եթե Երևան Ավտոբուս ՓԲԸ-ի հիմնավորմամբ վարորդը չուներ մասնագիտական փորձ կամ աշխատանքին չէր համապատասխանում ապա ի՞նչ հիմքով է ընդունվել աշխատանքի: Ասեմ ավելին, որ հրամանում նշված իրավական կետրի դեպքում տվյալ աշխատակիցը պետք է ազատվեր աշխատանքից միայն այդ դեպքում, եթե գործատուն 35 օր առաջ գրավոր ծանուցած լիներ աշխատակցին այդ մասին: Ստացվում է որ անձը իր արարքի համար ՃՈ -ի կողմից ենթարկվում է համապատասխան տույժի և Երևան Ավտոբուս ՓԲԸ-ի կողմից օրենքի կոպիտ խախտմամբ ազատվում է աշխատանքից։ Տվյալ տեպքում պահանջում եմ Երևան Ավտոբուս ՓԲԸ-ում մասնագիտական գիտելիքներ չունեցող մյուս անձանց նույնպես ազատել աշխատանքից ընկերության տնօրենին, գլխավոր հաշվապահին և Երևան քաղաքի տրանսպորտային վարչության պետին, որոնք օրենքի խախտումով տվյալ անձի մասնագիտական գիտելիքները սխալ են գնահատել՝ ընդունելով նրան աշխատանքի, և օրենքի կոպիտ խախտումով՝ առանց 35 օր առաջ ծանուցման հեռացրել են նրան աշխատանքից»: Հիշեցնենք՝ Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը այսօր հեռացվել է աշխատանքից։

Քաղաքականություն