Երեխաները Արմեն Սարգսյանի հյուրերն էին
Նախագահական նստավայրի հյուրերն այսօր մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաներն էին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հանրապետության նախագահի նստավայրում այսօր ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպվել երեխաների համար: Մասնագետների օգնությամբ երեխաները սովորել են տոնական խաղալիքներ պատրաստել, որից հետո սեփական ձեռքերով պատրաստված խաղալիքներով զարդարել են դահլիճի տոնածառը: Նրանց նաև նվերներ են հանձնվել: Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցել է երեխաների հետ, հարցրել նրանց հետաքրքրությունների, երազանքների մասին: Շնորհավորելով երեխաներին գալիք տոների կապակցությամբ՝ նախագահն ասել է, որ նրանք իրականում ամենաթանկն ու ամենակարևորն են: «Ձեզնից յուրաքանչյուրը մեծ ապագա ունի: Դուք բոլորդ ուժեղ եք, փոքր տարիքից գիտեք հաղթահարել դժվարությունները: Բոլորդ այս կյանքում հասնելու եք հաջողության: Ցանկանում եմ, որ միշտ ուրախ լինեք, հավատաք, որ ձեզնից յուրաքանչյուրը տաղանդավոր է: Կարևորը, որ վստահ լինեք, լավ սովորեք, ունենաք երազանք ու հասնեք այդ երազանքին»,- ասել է նախագահը:

Քաղաքականություն

Պատահարներ