Փաշինյանը տարվա քաղաքական գործիչ՝ ըստ հեղինակավոր պարբերականի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» թերթի ընթերցողների վարկածով տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել։ Խոսքը «Վեդոմոստիի» ավանդական հատուկ նախագծի մասին է, երբ խմբագրությունն ու ընթերցողները 6 անվանակարգում տարվա անձանց են ընտրում։ Թերթի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են Հայաստանի առաջնորդին։ Պարբերականը կարճ անդրադարձ է արել ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև ավելի ուշ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Միևնույն ժամանակ «Վեդոմոստի» թերթը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» է անվանել։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս հրապարակմանը` նշելով, որ իրեն իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը։ «Բայց կարծում եմ` պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա», – գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր արդեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդել էր, որ Պուտինը Քոչարյանին շնորհավորել է Ամանորի առթիվ։

Քաղաքականություն

Պատահարներ