ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
«Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները և կարող եմ արձանագրել, որ այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը, բայց ընդհանուր հաշվով այս քննարկումը մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, ըստ էության՝ ամփոփեցինք այդ ութ ամիսները և քննարկեցինք, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա երկու երկրների իշխանության մարմինների համագործակցությունը։ Պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը դրական էր»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստան կատարած այցին։ Փաշինյանը նշեց՝ ստացվել է այնպես, որ ՌԴ նախագահի հետ իրենց հանդիպումները բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է իրենց հարաբերությունների առանձնահատկությունների մասին։ Փաշինյանը նաև նշեց, որ չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերը քննարկել, ինչպես միշտ լինում է։ Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ մամուլում քննարկվող հարցերին․ «Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել։ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին ունեցել ենք կարճ քննարկում։ Եվ մեր դիրքորոշումն այն է, որ մեզ պետք են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որ այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության պատճառով տեղի չունենան։ Կարճ խոսակցություն է եղել նաև կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության վերաբերյալ։ Գազի թեմայի հետ կապված որոշում չկա, քննարկումներն աշխատանքային կարգով կշարունակվեն»։

Քաղաքականություն

Պատահարներ