Նախորդ տարի Ադրբեջանը 63 միլիոն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է գնել Թուրքիայից
Թուրքիայի արտահանողների խորհուրդը (Türkiye ihracatçılar meclisi – TİM) հրապարակել է 2018թ. տարբեր երկրներին Թուրքիայի արտահանած արդյունաբերական ապրանքների ծավալները, ըստ որի՝ Ադրբեջանը 2018թ. 63, 409 մլն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է գնել Թուրքիայից։ Տարեկան զեկույցը տեղադրված է TİM պաշտոնական կայքում։ Այս մասին գրում է Razm.info կայքը՝ հավելելով, որ թուրքական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ տեսակի տեխնիկա է արտահանվել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ նախորդ տարվա հունիսի 24-ին Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ առաջին անգամ նկատվեց թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության SOM թևավոր հրթիռը: Նոյեմբերին Ադրբեջանում բացվեց արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը, որը հագեցած էր թուրքական արտադրության տեխնիկայով: Նույն ամսում դրանց կիրառությամբ անցկացվեցին զորավարժություններ, որտեղ գործածվեցին նաև «Ասելսան» ընկերության TASMUS մարտավարական կապի համակարգը: Բացի նշվածներից, վերջին տարիներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է նաև «Քասրղա» ՀԿՌՀ-ի կառավարվող հրթիռներ, հակադրոնային պայքարի դյուրակիր միջոցներ, զրահամեքենաներ ևն: Կա հավանականություն, որ 2018-ին մատակարարումներ են եղել նաև այս դասից:

Քաղաքականություն

Պատահարներ