Թուրքիայում կհեռարձակվի հայկական հեռուստաալիք
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն TV-ն, այն ապահովելու է հայերենով և թուրքերենով բարձր որակի (HD) հեռարձակումներ, որոնց կարելի է հետևել նաև բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Հեռուստալիքը պաշտոնապես կհեռարձակվի մեկ ամսվա ընթացքում, սակայն «Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ. Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ առաքելական Սբ. Եկեղեցին տոնում էր Քրիստոսի ծնունդը: «Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալն ասել է. «Ծննդյան տոնի հետ միասին ծնվեց նաև «Լույս TV»-ն»: Ըստ Հարություն Քուրալի` 15 օրը մեկ անգամ հրատարկվող «Լույս» թերթից հետո «Լույս TV»-ն հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական հեռուստաալիքն է: «Սա հորս` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր: Նրա կարծիքով` հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքի համար և մենք այս երազանքը իրագործեցինք», - նշել է Հարություն Քուրալը: «Ընդհանուր լուրերից բացի՝ կլինեն նաև հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ: Նախատեսվում են ուղիղ միացմամբ բանավեճային ծրագրեր, այդ թվում հայ համայնքի համար կարևոր և տոնական օրերին հատուկ եթերներ»,- տեղեկացրել է Քուրալը:

Քաղաքականություն

Պատահարներ