ԱՄՆ-ում քննարկվել են հետհեղափոխական Հայաստանի զարգացումները
Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։ Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը: Քննարկման հիմքում ընկած էր Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ: Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի՝ Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է կողմերից որևէ մեկի հետ Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ, ինչպես նաև նշում Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը: Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում: Ըստ Խառատյանի՝ Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ