Երևանը չի բարձրացնում գազի գինը. Ռուսական պարբերական
«Գազպրոմ» ընկերությունը վերջին պահին կարողացավ Հայաստանի նոր իշխանությունների հետ գազի գնի բարձրացման հետ կապված համաձայնության գալ: Հայաստանի համար 2019 թվականին գազը կթանկանա 10 տոկոսով՝ մինչև 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: Սակայն այս համաձայնությունը ֆորմալ բնույթ է կրում: Գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա»-ի համար, բայց ներքին սակագները Երևանը պատրաստ չէ բարձրացնել: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը: Փորձագետների կարծիքով` « Գազպրոմը» կարող է չեղարկել ներքին զեղչը, որի շնորհիվ նրա դուստր ձեռնարկությունը ներդրումներ է կատարում երկրի ենթակառուցվածքներում: Նշվում է, որ «Գազպրոմ» -ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են կնքել, որով Վրաստանի սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019թ.-ից կբարձրանա 10% -ով՝ 150-ից դառնալով 165 դոլար 1000խմ դիմաց։ ՀՀ նախկին իշխանության օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ: «2018թ. գարնանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում»,-նշում է պարբերականը: «Գազպրոմ»-ը չի մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հունվարի 7-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայ սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կառավարությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն հունվարի 8-ին են սկսել: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության կողմից սուբսիդավորում չի լինի. գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»: «Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:

Քաղաքականություն

Պատահարներ