Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ գազի գնի մասին
Սպառողի համար գազի սակագինը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Նա նաև բացառում է սահմանին գազի սակագնի բարձրացումից հետո «Գազպրոմ Արմենիային» պարտքի գոյացումը. «Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել»,- նշել է նա: Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի հարցազրույցից հատված․ - Պարոն Եղոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազի սակագինը սահմանին թանկանալու է՝ 1000 խմ-ի համար 150 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, բայց սպառողների համար գազը չի թանկանա: Ինչի՞ հաշվին պետք է սպառողի համար գազը չթանկանա՝ Կառավարությո՞ւնն է սուբսիդավորելու, թե՞ «Գազպրոմ Արմենիան» է նույն սակագնով բաշխելու: - Սպառողի համար գազի սակագինը չի թանկանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: - Հաշվի առնելով նախկին փորձը՝ կարո՞ղ է ինչ-որ պահի պարզվել, որ ՀՀ-ն պարտք է «Գազպրոմ Արմենիային», հետո գույք՝ պարտքի դիմաց գործարքներ լինեն: Բացառո՞ւմ եք նման իրավիճակի ստեղծումը: - Ամեն ինչ հիմա պետք է որոշվի: Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել: Հենց երեկվանից վերսկսվել են բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ, և մոտ օրերս խնդրի լուծումը կլինի: Եվ ինչպիսին որ լինի լուծումը, դրանից հետո չի կարող պարզվել, որ լուծումն այն չէր, ինչպիսին որ էր: Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում

Քաղաքականություն

Պատահարներ