Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Զարուհի Մեժլումյանը, երբ որ խնդրեցի, որ աշխատանքի անցնի, ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել ու այդ անձանց անունները տվեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ հերքելով, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանն օգտագործում է վարչական լծակներ՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին արդարացնելու։ «Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Սանասարյանը նշեց, որ հպարտանում է իր մամուլի խոսնակով․«Իր ծառայությունը բավականին բարձր մակարդակի է իրականացնում ու նրա աշխատանքը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում»։ Վերահսկողության պետը զգուշացրեց, որ եթե որևէ մեկը պաշտոնապես կհայտարարի, որ Մեժլումյանը լծակներ է օգտագործում, դատարանում կհայտնվի։ «Ես ասել եմ՝ կապ չունի որևէ հարձակում, մենք այստեղ պրոֆեսիոնալ գործի մեջ ենք, ու Զարուհի Մեժլումյանը ոչ մի վայրկյան անգամ աշխատանքի ժամին որևէ այլ հարցով չի զբաղվել», - ասաց նա։ Սանասարյանն ասաց, թե եթե որևէ մեկը ցույց տա, որ ինքը, իր աշխատակիցները որևէ պետական պաշտոնյայի ասել են, որ «այս հարցով սենց զբաղվեք, խոստանում եմ՝ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն է հայտարարել, որ Մեժլումյանը կասկածելի կապի մեջ է իր որդուն սպանած Մհեր Ենոքյանի հետ և լծակներ է օգտագործել։

Քաղաքականություն

Պատահարներ