«Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալիքներ ունի
«Գազպրոմ Արմենիա» ակնկալում է, որ գազի սակագնի շուրջ քննարկումների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: «ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013թ. կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165.00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»,- հայտնում է ընկերությունը: Հիշեցնենք, որ 2019 թ.-ի հունվարի 1-ից սահմանին 1000 խմ դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն՝ Հայաստանը վճարելու է 165 դոլար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Հունվարի 8-ից «Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ կառավարության միջև վերսկսվել են սպառողների համար գազի սակագնի շուրջ բանակցությունները: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ բանակցությունները կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի, իսկ մինչ այդ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացնի:

Քաղաքականություն

Պատահարներ