Խորհուրդ եմ տալիս ԵՊՀ ռեկտորին լավ իրավաբաններ վարձել․ Դավիթ Սանասարյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունները իրականությունից կտրված են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: «Այս ճչացող, իրականությունից կտրված, մանիպուլացնող հայտարարությունները որևէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել: Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն և միանգամից ենթադրեն, որ քաղաքական հետապնդում է իրականցվում և այլն: Ինքն ասում է՝ ենթադրում եմ ՀՀԿ-ից եմ, դրա համար է սա: Կլինեն ՀՀԿ-ից, Քաղաքացիական պայմանագրից, թե որևէ այլ կուսակցությունից, բոլոր պաշտոնյաները օրենքի առաջ պետք է հավասար լինեն ու պատասխան տան: Չի կարող լինել մեկը, ով որևէ ճչոցով կփորձի այլ իրավիճակ ստեղծել, մոլորեցնել մարդկանց, թե՝ մեր հետևից ընկած են, որովհետև ՀՀԿ անդամ ենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը: Նշենք, որ նախորդ տարվերջին Արամ Սիմոնյանը ասուլիս էր հրավիրել և անդրադարձել Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում իրականացվող ստուգումներին: Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունը, թե ԵՊՀ-ում 800 մլն դրամի շարաշահումներ են հայտնաբերվել, Արամ Սիոմնյանը չհիմնավորված հայտարարություն էր որակել և ասել, որ դատի է տալու Սանասարյանին: Նա նշել էր, որ այս ստուգումները քաղաքական ենթատեքստ ունեն, նպատակ է դրված վարկաբեկել իրեն ու ԵՊՀ-ն: Նա նշեց, որ ամենամեծ մանիպուլյացիան հետևյալն է՝ Արամ Սիմոնյանն ասել էր, որ 9 մլրդ դրամի պետական գնումներ են ստուգել: Դավիթ Սանասարյանն ասում է՝ սուտ է, 2.5 մլրդ-ի գնումներ են ուսումնասիրել: Նա ասաց, որ իրենք ստուգող մարմին չեն, օրենքով ուսումնասիրություններ են անում: «Ես վստահեցնում եմ՝ եթե ուսումնասիրությունները երկար տևեն, այդ թվերը բազմապատկվելու են: Մենք չենք ուսումնասիրել Իջևանի մասնաճյուղը: Հարց է հնչում՝ բա ինչո՞ւ երկար չեք ուսումնասիրում: Որովհետև մենք ժամանակ չունենք, մենք չենք կարող մի ամբողջ տարի կամ երկու տարի ԵՊՀ-ն ուսումնասիրենք: Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք»,- ասաց Սանասարյանը: Սանասարյանը Արամ Սիմոնյանին խորհուրդ տվեց լավ իրավաբաններ վարձել, որպեսզի իրեն ճիշտ խորհուրդներ տան:

Քաղաքականություն

Պատահարներ