Արդեն անտանելի է դառնում ՙթողեք, թող աշխատեն՚ արտահայտությունը. Թեհմինա Վարդանյան
Երեւանի քաղաքապետարանի ավագանու ՙԼույս՚ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Մշակույթի նախարարի պաշտոնակատարի եւ քաղաքապետարանի պաշտոնյաների արդարացումները Արամի 23 հասցեում պատմական հուշարձան շենքի պատի փլուզման առնչությամբ: Նա մասնավորապես գրել է. ՙՔաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․ Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում ՙթողեք, թող աշխատեն՚ արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի լուծման համար որևէ լուրջ ռեսուրս պետք չէ, ասում են՝ դեռ նոր են, թողեք, թող աշխատեն։ Ի դեպ, քաղաքային իշխանությունն այս ամիսներին տարված է հիմնականում քանդելով, ոչ թե կառուցելով։ Աշխատում են․․․ Ինչն էլ իրենք չեն քանդում, ինքնուրույն է քանդվում՝ անտարբերության հետևանքով, ինչպես օրինակ Արամի 23 հասցեում գտնվող շենքը, որը պատմամշակութային հուշարձան է․․․ Նախկին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ թե բա ժառանգություն ենք ստացել։ Տիկի՛ն, դուք 8 ամիս նախարար եք եղել, և խնդիրն օրհասական է եղել։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Քաղաքապետի մասին չեմ էլ խոսում․․․ Արդեն զավեշտալի է։ Արդեն իսկապես ամոթ է։ Դեռ որքա՞ն ժամանակ պետք է անգործությունն արդարացվի ժառանգություն ստանալով։ Իսկ դու ունե՞ս ալիբի...՚,– գրել է ավագանու անդամը։

Քաղաքականություն

Պատահարներ