Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք. Սասուն Միքայելյանն ու Մարուքյանը վեճի բռնվեցին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 14-ի նիստում բանավիճեցին: Պատճառը Մարուքյանի արձագանքն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին, թե ով պիտի լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ: «Մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովի երկրորդ քաղաքական ուժն է: Դա փաստ է: Մենք վիճարկում ենք այն, թե արդյոք ԱԺ 3րդ փոխնախագահը պետք է լինի՞ ԲՀԿ-ից, թե՞ ԼՀԿ-ից: Մենք ասում ենք՝ մենք ենք այդ տեղի հավակնորդը, որովհետև մեր փոխխոսնակը որպես ընդդիմադիր, կլինի ավելի լավը: Որևէ անձնական բան չկա, մենք ձեր հետ կռիվ չունենք, որովհետև դուք չեք որոշելու, լինի՞ տիկին Թանդիլյանը փոխնախագահ, թե՞ ոչ: Մեր կռիվը իրանց հետ է, իրանք պետք է պատասխան տան»,- դիմելով Աբովյանին, ասաց Մարուքյանն՝ ակնարկելով խորհրդարանական մեծամասնությանը: Մարուքյանի «իրանք» արտահայտությունը, այսինքն՝ դիմելաձևը ք դուր չեկավ Սասուն Միքայելյանին, և պատգամավորը տեղից որոշ ռեպլիկներ արեց, սակայն քանի որ նա բարձրախոսով չէր, լսելի չէր՝ ինչ ասաց: «Բան ունե՞ք ասելու, պարո՛ն Միքայելյան»,- հարցրեց Սասուն Միքայելյանը՝ հետաքրքրվելով, թե ովքե՞ր են «իրենք»։ Մարուքյանն էլ պատասխանեց, թե քաղաքական մեծամասնությունը։ Այս պատասխանը զայրացրեց Միքայելյանին, ով տեղից սկսեց արձագանքել Մարուքյանի պատասխանին: «Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտե՛ք, գրանցվե՛ք, եթե բան ունեք ասելու, ո՞նց ա, որ մենակ դուք վիրավորվեցիք։ Ես Ձեզ շատ լավ եմ ճանաչում, Դուք էլ ինձ մյուս անգամ, երբ ես բան եմ խոսում, խնդրում եմ չմիջամտել: Ես ամենայն հարգանքով եմ արտահայտվել, եթե դուք վիրավորվել եք «իրենք»-ից, ես կարող եմ ներողություն խնդրել, բայց այդտեղ դուրս կգա, որ միայն Դուք վիրավորվեցիք: Ինչ-որ մեկն ավելի շատ չի պաշտպանում ինքնասիրությունը, քան մյուսները, բոլորը մեր գործընկերներն են, պետք չէ ուրիշ դաշտ տանել»,- ասաց Մարուքյանը: Նշենք, որ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի, իսկ ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Տեսանյութը՝ NEWS.am

Քաղաքականություն

Պատահարներ