1300 բժշկի և 3300 էլեկտրոնային ստորագրություն. Մհեր Ենոքյանի դեմ ստորագրությունները վարչապետի մոտ է
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը երեկ ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան: «Երեկվա դրությամբ 1300 ստորագրություն կար բժիշկներից, սակայն դեռևս շարունակում են դիմել բժիշկներ, այդ թվում՝ նաև մարզերից, որոնք ցանկություն են հայտնում միանալ ստորագրահավաքին»,-ասաց նա և նշեց, որ բացի բժիշկներից, այլ քաղաքացիներ ևս ցանկանում էին միանալ ստորագրահավաքին: «Մարդիկ, որոնք բավականին լուրջ ներդրում ունեն ամենօրյա պետության աշխատանքի մեջ, իրենց դիրքորոշումն են հայտնել` նշելով, որ ներում չպետք է տրվի»,- ասաց նա: Ելենա Աղաջանովան նշեց նաև, որ ֆեյսբուքում էլեկտրոնային ստորագրահավաք են կազմակերպել և երեկվա դրությամբ այդ ստորագրահավաքին միացածների թիվը 3300 էր, ինչը ևս հանձնել են վարչապետին: «Կարծում եմ, որ մեր երկրի նախագահը, վարչապետը պետք է շատ լուրջ մոտենան այս հարցին և ոչ թե միայն հետևեն ներման հանձնաժողովի կարծիքին, մանավանդ որ կան քաղաքացիներ, որոնք համաձայն չեն ներման որոշման հետ: Ներման պրոցեսը բարոյական պրոցես է, իրավական չէ, և երկրի ղեկավարությունը դրա վրա պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց նա: Դիտարկմանը, թե մյուս կողմը պնդում է, որ դա իրավական խնդիր է, և իրենք գնում են իրավական լուծման, նա ասաց, որ եթե դա լիներ իրավական խնդիր, իրենք կդիմեին դատարան, ոչ թե ներման, առավել ևս, երբ մարդը չի զղջացել:

Քաղաքականություն

Պատահարներ