Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ․ Հայկ Մարության
Բոլոր բիզնեսներն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը` ընդգծելով, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժումը վերջնական է։ «Մենք ընդհանրապես, երբ ինչ-որ որոշում ենք կայացնում, քննարկում ենք, նոր կայացնում ենք, և բնականաբար, որոշումը վերջնական է։ Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ, բոլոր բիզնեսներն էլ ունեն ինչ-որ խնդիրներ։ Ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են քաղաքապետարանի և բիզնեսի հարաբերությունները»,- նշեց քաղաքապետը։ Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սրճարանատերերին տրված 30-օրյա ժամկետն արդեն լրացել է, բայց ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել կադաստրային և այլ հարցերի պատճառով․ «Այս պրոցեսները պետք է ընդհանուր անցնեն օրենքին համապատասխան կերպով։ Մենք շարժվելու ենք միայն օրենքին համապատասխան»,- ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքականություն

Պատահարներ