Գյումրիի հիվանդանոցի տնօրենը՝ 5 ամսական փոքրիկի մահվան դեպքի մասին
Հունվարի 4-ին Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում մահացած 5 ամսական երեխայի դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ: Այս մասին Shantnews-ին ասել է հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Երեխայի մահվան մեղավորը բժի՞շկն է, թե՞ ոչ, կամ այլ պատճառներ եղե՞լ են. այս հարցերի պատասխանները, ըստ Կուրղինյանի, միայն փորձաքննությունը կարող է տալ: «Դեռևս հերձման հյուսվածքաբանական վերջնական ախտորոշումները չունենք: Ամենակարևորը հյուսվածքների ախտորոշման արդյունքներն են, որոնք կարող են պարզել մահվան պատճառը: Քանի դեռ այդ ախտորոշումը չկա, որևէ գնահատական ես չեմ կարող տալ: Երեխան մեր մոտ եկել է ագոնալ վիճակում: Մենք 40 րոպեների ընթացքում վերջնական ախտորոշում չենք էլ կարողացել տալ: Երեխան հիվանդանոց է մտել այդ վիճակում: Ընդունվել է վերակենդանացման բաժանմունք: Հարցեր կան, թե երեխան նախկինում բուժվե՞լ է, չի՞ բուժվել, այդ օրը դիմե՞լ է, թե՞ չի դիմել: Այդ հարցերի պատասխանը կտա քննությունը»,- լրատվամիջոցին ասել է Աշոտ Կուրղինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ