Հայաստանում H1N1-ից եւս մեկ մարդ է մահացել
Հայաստանում խոզի գրիպի բարդություններից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած: Այս սեզոնին սա երկրորդ մահվան դեպքն է՝ H1N1-ի բարդությունների պատճառով: Առաջին զոհը 55-ամյա կին էր, ով մահացել էր դեկտեմբերի 29-ին: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ, և վերջիններս տուն են ուղարկվել:

Քաղաքականություն