Փաշինյանը դիմում է քաղաքացիներին
Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, սա վերաբերում է նաև լրատվական դաշտին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ արձանագրենք, որ լրատվական դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ՝ մեզ ընդդիմադիր ուժերին։ Նախկին իշխանությունից հիմնականում երկու սուբյեկտ կա, ում տիրապետության տակ են գտնվում լրատվամիջոցները։ Այդ առումով ստեղծված իրավիճակը բացառիկ է, քանի որ իշխանությունները լրատվամիջոցներին չեն տիրապետում։ Ասել, թե ոչ մի տարբերություն չկա, այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին էր Հանրապետականը։ Եվ սրա համար բերվում են անհերքելի ապացույցներ։ Ինչո՞ւ անհերքելի, օրինակ, ասում են, թե նախկին վարչապետն էլ ուներ երկու ականջ, մի քիթ, մի բերան, երկու աչք։ Այս վարչապետն էլ նույնն ունի։ Սա արվում է ցույց տալու համար, թե երկրում բացարձակ ոչ մի բան չի փոխվել», - ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ թիրախում են հայտնվել նաև իր ընտանիքի անդամները։ «Ասում են՝ պատկերացնում եք, վարչապետը ուղղաթիռ է նստում, պատկերացնում եք, էշով պետք է գնար վարչապետը։ Սրա խորքային իմաստն այն է, ցույց տալ, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, երկիրը երկիր չի դառնա», - ասաց վարչապետը՝ հավելելով, թե կա տարբերություն ներկա և նախկին իշխանությունների միջև։

Քաղաքականություն

Պատահարներ