Կարանտինՙ Շիրակի որոշ բուժկենտրոններում. Պատճառը սուր շնչառական վարակներն են
Սուր շնչառական վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ ապահովության նպատակով Շիրակի մարզի որոշ բուժհաստատություններում կարանտին է հայտարարված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը, չնայած մարզում վիճակը վերահսկելի է, որոշ հաստատություններում խիստ հսկողություն է սահմանված՝ մարդկանց մուտքը հիվանդանոց սահմանափակված է, տեսակցությունները միայն հատկացված ժամերին է: Սուր շնչառական վարակների աճ մարզում կա, դրա մասին վկայում են որոշ բուժհաստատություններ, բայց, բարեբախտաբար, առանց ծանր կամ մահվան դեպքերի: Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք՝ նրանցից 16 երեխաներ, նաև՝ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը: «Մարզում այդ ախտանիշներով ոչ մի հիվանդ այս պահին չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, չի գրանցվել մահվան դեպք: Ստացիոնար բուժհաստատություններում հայտարարվել է կարանտին: Խիստ է հսկողությունը մարդկանց ելումուտի առումով, կրճատվել են տեսակցության ժամերը»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով որ դպրոցներում վերահսկողություն է իրականացվում Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային ինստիտուտը: «Դպրոցական առաջին օրերին մենք որոշ դպրոցներում ջերմաստիճանի ցածր լինելու վերաբերյալ դժգոհություններ ստանում էինք, բայց այս պահին արդեն բողոքներ չկան»:

Քաղաքականություն

Պատահարներ