Բաքվից ԼՂ հարցի լուծում որոնելու պատրաստակամություն են հայտնել. Լավրովը սպասում է Երևանի պատասխանին
Այսօր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսի վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերություններին։ Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցին, թե 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ Լավրովը բացատրել է, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։ Լավրովն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներից մեկն է։ «Նախորդ տարի էր, որ Հայաստանում փոխվեց ղեկավարությունը, և ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեր համանախագահությանը, այն առայժմ սահմանափակվել է միայն ճանաչողական հանդիպումներով։ Այս ամիս նախատեսվում է նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ այս ուղղությամբ ևս մենք կարող ենք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն ծերացողի բնութագրիչներ է ստացել, սակայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի ու միջազգային հանրության աջակցության առկայության դեպքում՝ ի դեմս համանախագահների։ Կարծում եմ, որ լուծում փնտրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, որոնք նաև հնչել են Բաքվից, արժանի են ամեն հնարավոր աջակցության։ Հուսով ենք, որ հայաստանյան մեր ընկերները նույնպես կպատասխանեն փոխադարձությամբ», – ասել է Լավրովը։

Քաղաքականություն

Պատահարներ