Ելույթներս չեմ կառուցելու այդ տրամաբանությամբ, թե որ դեսպանի օգնականը կամ որդին է նստած ԱԺ դահլիճում․ Բաբաջանյան
Անդրանիկ Մանուկյանը որպես օրինակ էր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում իր ելույթից հետո ծագած բանավեճին։ «Իմ ելույթները չեմ կառուցելու այդ տրամաբանությամբ, թե որ դեսպանի օգնականը կամ որդին է նստած ԱԺ դահլիճում: Դեսպանները մինչև նշանակվելն անպայման հաշվետու պետք է լինեն իրենց անելիքների մասին և իրենց աշխատանքը կատարեն նախապես ներկայացված իրենց պատկերացումների հիման վրա », - ասաց նա՝ ընդգծելով, որ իր ելույթը միտված էր դեսպանների նշանակման պրակտիկայի վերանայմանը։ Հիշեցնենք` ավելի վաղ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ նախկինում արտաքին քաղաքականության նշանակումներին, մասնավորապես նշելով, որ տարիների ընթացքում «Հայաստանի կողմից դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձիք», ու շեշտել, որ նման վառ օրինակ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Նշենք, որ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:

Քաղաքականություն

Պատահարներ