Երևանում 6 ամսական երեխա է մահացել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հունվարի 16–ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական երեխա։ Բժշկական կենտրոնից NEWS.am Medicine-ին հայտնել են, որ երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): «6 ամսական երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Լրատվամիջոցը նշում է, որ՝ հիվանդությունը սկսվել է բարձր ջերմությունով, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության: Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 հիվանդը մահացել է»,– հայտնել են ԲԿ–ից:

Քաղաքականություն

Պատահարներ