Քոչարյանի գործով 3-րդ դիմումը ՄԻԵԴ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ընթանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: «Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը», - նշեց նա: Օրբելյանը ընդգծեց, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում․«Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները, որը մշակման փուլում է: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը, իհարկե, կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը»։ Ա. Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դիտարկում է Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր իրավաբանների և իրավաբանական կառույցների դիրքորոշումները ևս ներառել բողոքում։

Քաղաքականություն

Պատահարներ