Վեճ՝ խորհրդարանում. Իրար «կպան» Մարուքյանն ու ԲՀԿ-ական պատգամավորը
Քիչ առաջ խորհրդարանում վիճաբանություն տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ելույթում անդրադարձավ այսօր ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արման Բաբաջանյանի ելույթին։ Վերջինս քննադատություն էր հնչեցրել ՀՀ արտաքին քաղաքականության հասցեին՝ նշելով, որ տարիների ընթացքում «Հայաստանի կողմից դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձիք», ու շեշտել, որ նման վառ օրինակ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ «Պարոն Բաբաջանյան, դուք երևի տեղյակ եք, որ ես 3 տարի եղել եմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական։ Այդ թեզերը, որոնք դուք հնչեցրել եք ձեր ելույթում, հայկական ինֆորմացիոն դաշտ հիմնականում ներմուծվել են Ադրբեջանի կողմից։ Ի՞նչն է ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ բրդելը», - դիմելով Արման Բաբաջանյանին՝ ասաց Արման Աբովյանը։ Նա նշեց, որ Մանուկյանի աշխատանքի արդյունքն է այն, որ ուկրաինական հեղափոխության ժամանակ հայ համայնքը միակն էր, որ զանգվածային զոհեր չի տվել, ինչպես նաեւ ուկրաինական հեռուստատեսությամբ արցախանպաստ հաղորդում է հեռարձակվել: Աբովյանը պատմել է նաեւ, որ Անդրանիկ Մանուկյանը ՀՀ շահերը սպասարկել է իր կյանքը վտանգելով: «Ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր, որ Անդրանիկ Մանուկյանին հետ կանչեն դեսպանի պաշտոնից»,-ասաց նա: ԼՀԿ խմբակցության պատգամավորները փորձեցին տեղից պատասխանել Արման Աբովյանին, ինչին միջամտեցին նաև ԲՀԿ պատգամավորները։ Արդյունքում դահլիճում վիճաբանություն տեղի ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։ Խմբակցությունների մյուս պատգամավորների ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությունից հետո վիճաբանությունը ստացվեց հանդարտեցնել: «Խնդրում եմ հարգանք պահպանել պատգամավորի ինստիտուտի, միմյանց ու ԱԺ նախագահի նկատմամբ։ Հետայսու խնդրում եմ, որ եթե նման ելույթներ ու հարաբերություններ պարզելու կարիք կա, դա արեք դահլիճից դուրս», - դիմելով պագամավորներին՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Քաղաքականություն

Պատահարներ