Ես դեմ չեմ գործի վերաբացմանը. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 1996թ. սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն այսօր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տասը րոպե ժամանակ գտնել՝ իրեն անձամբ լսելու։ Aysor.am-ի հետ զրույցում Միխայիլ Աղաջանովը նշել է, որ վարչապետի հետ հանդիպմանը ցանկանում է հայտնել իր ընտանիքի կարծիքը գործի վերաբերյալ. «Ուղղակի ուզում ենք մեր կարծիքը հայտնել։ Ես չգիտեմ, վարչապետը, երևի թե տեղեկացված է, բայց ուզում եմ, որ նա անմիջապես մեզ լսի», - ասել է Միխայիլ Աղաջանովը։ Անդրադառնալով լրատվամիջոցի դիտարկմանը, որ հաճախ նշվում է, թե հենց Աղաջանովների ընտանիքն է դեմ եղել գործի վերաբացմանը, Միխայիլ Աղաջանովն ասել է. «Եթե պետք է, թող նորից քննեն, նայեն։ Չնայած ես գիտեմ, որ այնտեղ լրիվ պարզ գործ է ու ոչ մի անհասկանալի բան չկար։ Ես դեմ չեմ գործի վերաբացմանը, ես ուղղակի ասում եմ, որ այնտեղ ոչ մի մութ բան չկա։ Դա իմ որոշելու հարցը չէ, հատուկ մարմիններ կան, որ պետք է որոշեն՝ ես կողմ կամ դեմ լինեմ՝ ոչ մի նշանակություն չունի», - ասաց Միխայիլ Աղաջանովը։

Քաղաքականություն

Պատահարներ