Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Հայկական Ժամանակին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից. «Դատախազությունից ստացել ենք հրապարակում, ըստ որի, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի կողմից տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ»: ՀՀ Ոստիկանությունից հայտնել են, որ նախկին տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա՝ Հանրային ռադիոյից անձնավորված բողոքներ չեն եղել: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը: Իսկ ավելի վաղ, դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռադիոյի ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը, որը, սակայն, այդ պաշտոնում իրեն չի տեսնում: «Ես տնտեսագետ եմ, զբաղեցրել եմ ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը, ես դրա մասնագետն եմ, իսկ ռադիոյի տնօրեն մի փոքր ավելի ստեղծագործական մարդ պետք է լինի»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Երվանդ Պողոսյանը: Երվանդ Պողոսյանը նաեւ փոխանցել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար դեռեւս մրցույթ չի հատարարվել. «Դեռ չի հայտարարվել, ժամկետների մասին այս պահին ոչ մի տեղեկատվություն չունեմ»: Գործադիր տնօրենի ԺՊ-ն նշել է, որ ռադիոյի աշխատակիցներն այս պահին բնականոն աշխատում են։

Քաղաքականություն

Պատահարներ