Սկանդալ Երեւանում. Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը
Որպես կասկածյալ այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հ.-ն: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում 2018 թվականին օպրատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված մանկապարտեզում կատարվել եւ կատարվում է խոշոր չափի չարաշահումնր։ Ոստիկանները, իսկ հետո Էրեբունու քննիչները հսկայածավալ օպերատիվ եւ պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում բազմաթիվ փաստեր են հայտնաբերել, ինչն էլ հիմք է դարձել, որ այսօր տնօրեն Գայանե Հ.-ն ձերբակալվի։ Աղբյուրի տեղեկություններով՝ տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաներին, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս է արվել եւ տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Էրեբունու քննիչները նրա աշխատասենյակում հայտնաբերել են հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշված վայր։ Քննիչները պարզել են նաեւ, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրա ամուսինն աշխատում է վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամներն էլ բոլորը պաշտոնյաներ են։ Նաեւ հիմնավորվել է, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված իրեն վստահված սննդամթերքից։

Քաղաքականություն