Եկամտային հարկի համահարթեցման համար աղքատների «ջանից են քերում». Նաիրի Սարգսյան
Նախորդ տարվա վերջին Ֆինանսների նախարարությունը հանրությանը ներկայացեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջարկվող փոփոխություններով, որոնք դեռևս պետք է քննարկվեն Ազգային ժողովում, նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում, մի քանի ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացում, շահութահարկի նվազեցում, խաղային ոլորտի հարկերի բարձրացում և այլն։ Այս նախագիծը հասցրել է հանրության և մասնագիտական շրջանակների դրական ու բացասական գնահատականներին արժանանալ։ Նախատեսվող հարկային փոփոխությունների շուրջ «Հետք»-ը զրույցել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։ -Նախագծի հեղինակները սա անվանում են բարեփոխումների փաթեթ։ Ըստ Ձեզ՝ այդ փոփոխություններն իսկապե՞ս բարեփոխումներ են։ Խոսենք եկամտային հարկի օրինակով։ Եթե բոլորի համար սահմանվում է 23 % եկամտային հարկ (հետագայում նվազելու միտումով), ապա ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազում, իսկ դրանից բարձրի դեպքում՝ նվազում է։ Եվ ստացվում է, որ վարձու աշխատողների միայն 35 %-ի համար է եկամտային հարկի բեռը նվազում։ -Փոփոխությունների այս փաթեթը ընդհանրապես չի կարելի համարել բարեփոխումների փաթեթ։ Որպես փոփոխությունների ակնկալվող արդյունք Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է աղքատության կրճատումը։ Այսինքն՝ այս փոփոխությունները պետք է նպաստեն աղքատության կրճատմանը։ Ես միշտ շեշտել եմ՝ հիմա ո՞վ է ավելի աղքատ՝ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողը, թե 2 մլն դրամից բարձր ստացողը։ Ակնհայտ է սրա պատասխանը. չի կարելի 2 մլն դրամ ստացողի հարկերը կրճատել, 150 հազար դրամ ստացողինը չկրճատել, մի բան էլ՝ նրա ծախերն ավելացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացման արդյունքում և ասել, որ այս փոփոխությունները հանգեցնելու են աղքատության կրճատմանը։ Այսինքն՝ չկա հստակ հիմնավորում։ -Դուք հաշվարկներ կատարե՞լ եք և ունե՞ք առաջարկներ, թե ինչ դրույքաչափեր կարելի է սահմանել եկամտային հարկի արդյունավետ տարբերակ ստանալու համար։ -Մենք առաջարկում ենք մինչև 400 հազար դրամը հարկել 15-20 %-ով, իսկ 400 հազար դրամից սկսած՝ ավելի բարձր դրույքաչափեր սահմանել՝ սկսած 30 %-ից։ Կամ նվազագույն սպառողական զամբյուղի չափով աշխատավարձը չհարկել և դրանից հետո եռաստիճան համակարգ սահմանել։ -Այդ դեպքում պետական բյուջեն կորուստներ չի՞ ունենա։ Եթե այո, ապա ինչո՞վ եք առաջարկում լրացնել այդ կորուստները։ -Կարող ենք եկամտային հարկի դրույքաչափերը այնպես փոփոխել պրոգրեսիվ սկզբունքով, որ ինքն իրենով արդեն կորուստները լրացնի։ Իսկ եթե կորուստներն ամբողջությամբ չլրացվեն, նույնպես կարելի է ակցիզային հարկի մեջ փոփոխություններ կատարել։ -Ֆինանսների նախարարության ներկայացրած փաթեթում առաջարկվում է եկամտային հարկի համահարթեցման արդյունքում բյուջեի հարկային եկամուտների կորուստը, որը տարեկան կկազմի շուրջ 27.5 մլրդ դրամ, լրացնել որոշ հարկատեսակների բարձրացմամբ, օրինակ՝ ակցիզային հարկի։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս քայլն արդյունավետ։ -Դեմ չեմ ակցիզային հարկի բարձրացմանը, ցանկի ընդլայնմանը, բայց այն պետք է արդար սկզբունքով իրականացվի։ Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման իմաստն այն է, որ եթե քաղաքացին գիտակցում է, որ առողջությանը դրանք վնաս են տալիս, բայց գնում է, ապա ավելի բարձր գին են սահմանում, որ ավելի քիչ օգտագործի, և պետությունն էլ դրանից շահի։ Այսինքն՝ սա որոշ չափով նաև քաղաքականություն է՝ ուղղված ծխելը և ալկոհոլային խմիչքի օգտագործումը սահմանափակելուն։ Բայց անհասականալի է, օրինակ, լիմոնադի ակցիզային հարկի բարձրացումը, որի արդյունքում լիմոնադը ևս թանկանալու է։ Մասնագետները կասեն, որ այս անհասանալի նյութերով խմիքչները ևս առողջությանը վնասում են, դա պարզ է։ Բայց այս ապրանքները ընդհանրապես չպետք է լինեն ակցիզային հարկով հարկվող ապրանքների շարքում։ Գումարած դրան՝ 150 հազար դրամ ստացողների եկամտային հարկը չի նվազում, բայց նրանց ծախսերը փաստորեն ավելանում են, քանի որ ակցիզային հարկի բարձրացման արդյունքում ապրանքները թանկանալու են։ Մարդը ստանում է նույն եկամուտը, նրա համար հարկը չի փոփոխվում, բայց ծախսն աճում է, քանի որ հարուստների հարկերը նվազեցնելու համար թանկանում են այն ապրանքները, որոնցից օգտվում է նաև նա։ Այսինքն՝ համահարթեցման համար աղքատների «ջանից են քերում»։ -Նախատեսվում է շահութահարկը նվազեցնել` 20 %-ից դարձնելով 18 %: Որքանո՞վ սա կթեթևացնի տնտեսվարողների հարկային բեռը։ -Հիմա՝ 2018 թվականի արդյունքները ամփոփելիս, տնտեսվարող սուբյեկտները առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն շահաբաժինները հարկելու մասին։ Առաջին անգամ շահութամասի՝ դիվիդենդների հարկի բեռը զգալու են այս տարի, երբ բաշխելու լինեն 2018 թվականի շահույթը։ Մինչև այսօր բոլոր տնտեսվարողների համար շահութահարկի դրույքաչափը եղել է 20 %: Ֆինանսների նախարարությունից հիմա դրական կողմն են ներկայացնում։ Ասում են՝ մենք 20 %-ը դարձնում ենք 18 %: Բայց, իրականում, չի նվազում շահութահարկի հարկային բեռը։ Այսինքն՝ 20 %-ը դարձնում են 18 %, բայց դրան գումարվում է դիվիդենդների 5 % հարկը։ Գումարային՝ ստացվում է, որ առաջ 20 % էր՝ կդառնա 23 %: Աշխարհում միշտ օրենքները փորձում են շրջանցել այնպես, որ շահաբաժինների հարկ չվճարեն։ Շահաբաժինը տվյալ կազմակերպության տարեկան շահույթից բաժնետերերի մասնաբաժինը ստանալու երևույթն է։ Բաժնետերն է որոշում՝ այդ շահույթը ուզում է ստանալ, թե՞ ոչ։ Հնարավոր է՝ նա կուտակում է գումարը հինգ տարի և վերջում ստանում։ Այսօր շահաբաժինները հարկվում են, եթե դիվիդենդը վճարվում է բաժնետիրոջը, այդ պրոցեսի ընթացքում է նա հարկվում։ Բայց աշխարհում նման փորձ կա՝ մարդիկ գտնում են կազմակերպություններ, որոնք կամ չեն հարկվում, կամ ցածր տոկոսադրույքներով են հարկվում, օրինակ՝ միկրոձեռնարկությունները, և գումարները փոխանցում են այդ ընկերությանը։ Այսինքն՝ բաժնետերերը կարող են այնպես անել, որ դիվիդենդի հարկ չվճարեն։ Հետևաբար, այս փոփոխությունն անարդյունավետ է։ Միանշանակ, մանևրելու տեղ կա։ Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ