Դանակահարություն գիշերային ակումբի հարակից տարածքում
Հունվարի 25-ին` ժամը 5.30-ին, «Վայք» բժշկական կենտրոնից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ թուլակողի շրջանի թափածակված վերք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 2-ի սահմաններում Երեւան-Մեղրի ճանապարհի գիշերային ակումբներից մեկի հարակից տարածքում, երաժշտություն պատվիրելու հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեւորգ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է երիտասարդին, ինչի հետեւանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ: Գեւորգ Գ.-ն կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ