Մանվել Գրիգորյանը 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան․ արժանապատվությանը վնաս են հասցրել
Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը: «Հայցադիմումով 3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է դրված, հետագայում այդ գումարը փոխանցվելու է մանկատներից մեկին, խնդիրը գումարը չէ, այլ այն, որ պատվին, արժանապատվությանը վնասող անպատասխանատու հայտարարությունները պակասեն»,-շեշտել է նա: Կարեն Ղոնյանը չի բացառել , որ հետագայում այլ հրապարկումների հետ կապված ևս կարող են դիմել դատարան: Լրատվամիջոցի հետ զրույցում փաստաբանը նշել է, որ «Մաքսինֆո»-ն «Առևտուր թուրքերի հետ․Մանվել Գրիգորյանի մասին ևս մեկ աղմկահարույց բացահայտում» վերնագրով նյութ է հրապարկել, որում նշված է եղել, որ Մանվել Գրիգորյանը ժամանակին թուրքերին է վաճառել Վազգեն Սարգսյանի կողմից իրեն հանձված 1500 գլուխ ոչխար: Նշված հոդվածում Անահիտ Մնացականյանը նշում է. «Ամուսինս՝ Կարեն Զարբաբյանը, այդ տարի նշանակվել էր Սիսիանի ներքին գործերի բաժնի պետ և միաժամանակ հանդիսանում էր Սիսիանի շրջանի պարետ: 1991-1992 թվականն էր, Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածը և շատ կարևոր նշանակություն ուներ սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանումը: Մի քանի օրվա ընթացքում սահմանին հարող ադրբեջանական բնակավայրերից թուրք ավազակախմբերը ներխուժել էին Սիսիանի սահմանամերձ գյուղեր և գողացել անասուններ: Գողացված անասուններին հետ բերելու նպատակով Կարենի ղեկավարությամբ 3 օր Սիսիանի բարձրադիր սարերից կատարվում էին հետախուզական աշխատանքներ, 3 օր շարունակ Սիսիանի ցրտաշունչ քամիների տակ մեր օպերատիվ ջոկատը, իրականացնելով ռազմական գործողություններ, Ադրբեջանի տարածքից բռնագրավեցին 1500 գլուխ ոչխար: Այդ մասին Կարենը տեղեկացրեց Վազգեն Սարգսյանին, և նրա անմիջական ցուցումով այդ 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին: Կարենի կողմից խստիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որպեսզի որևէ բնակիչ չհամարձակվի գեթ 1 հատ ոչխար վերցնի այդ հոտից, նույնիսկ գործողությունները իրականացնող օպերատիվ ջոկատը մի կուշտ փորով հաց ուտելու համար չհամարձակվեց խախտել Կարենի հրամանը: 1500 գլուխ ոչխարը հանձնվեց Մանվել Գրիգորյանին, որոշ ժամանակ անց ստացվեց տեղեկություն, որ այդ 1500 գլուխ ոչխարը վաճառվել է թուրքերին»:

Քաղաքականություն

Պատահարներ