Նախարարը դիմում է քննություններից վախեցող աշակերտներին
«Վերադառնում եմ Արարատի մարզից, մի քանի դպրոցներում եմ եղել՝ անակնկալ այցերով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը հասցրել է լինել հինգ դպրոցներում եւ, օրինակ, պարզել է, որ բացակայությունների թիվը մեծ չէ: Ջերմաստիճանն, ըստ նրա, պատշաճ մակարդակի էր, թեպետ եղել են միջանցքներ ու մեկ ճաշարան, որտեղ ցուրտ էր: Տնօրեններին հրահանգվել է ապահովել բավարար ջերմաստիճան, որպեսզի երեխաները դասարանից դասարան կամ ճաշարան անցնելիս չմրսեն: Մասնավորաբար, տեղեկացել են, որ 9-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչները և ծնողները վախեցնում են ավարտական կենտրոնացված քննությամբ: «Սա անթույլատրելի է: Սիրելի 9-րդ դասարանցիներ, իմացե՛ք, սա սովորական քննություն է: Որքան ձեզ վախեցնեն, այնքան արդյունքների վրա ազդելու է, որովհետև կաշկանդված գնալով քննության՝ դուք խնդիրներ եք ունենալու: Այնպես որ՝ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, պարապեք, կգնաք քննությունների և կհավաստիանաք, որ վախենալու բան չկա, և ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա: Արայիկ Հարությունյանը նկատեց նաև, որ ինչպես առողջապահության նախարարն էլ արձանագրել է, մարզերում բացակայությունների թիվը փոքր է (ի տարբերություն Երեւանի): Բայց ընդհանուր առմամբ կարծիք կա, որ այդ բացակայությունների պատճառն ավելի շատ համացանցում տարածվող խուճապային տրամադրություններն են՝ կապված սուր շնչառական վարակների հետ: Արարատի մարզի իր այցելած դպրոցներում ԿԳ նախարարը տեսել է, որ բոլոր մուտքերի մոտ բուժքույրերը հերթապահում են, որպեսզի հիվանդ երեխաներ դասարաններում չլինեն:

Քաղաքականություն

Պատահարներ