Արցախում գտնվող Էլնուր Հուսեյինզադեի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել
Ադրբեջանական N զորամասի նախկին զինծառայող Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով երկրի դատախազությանը: Ինչպես հայտնում է Հայկական ժամանակըՙ հրապարակման մեջ նշվում է, որ Հուսեյնզադեն ծառայության ժամանակ աչքի է ընկել ոչ բավարար վարքով ու պարբերաբար ապօրինի լքել է զորամասը: Ըստ տեղեկությունների` Հուսեյնզադեն 3-րդ երկիր պետք է տեղափոխվի: Լրատվամիջոցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ տղան որեւէ ահաբեկչական գործողություն, մարդասպանություն կամ ծանր հանցագործություն չի կատարել: Ի սկզբանե էլ հայտարարել է, որ չի ուզում վերադառնալ Ադրբեջան: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 2-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն Արցախի ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թվականի փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր` պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ