Խուճապ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա»-ի ուղևորները մնացել են Գյումրիում
«Պոբեդա» ռուսական ավիափոխադրողն անակնկալի է բերել Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորներին: Այսօր ժամը 20:00-ին նախատեսված չվերթը չեղարկվել է, ինքնաթիռը Գյումրի չի ժամանել: Չվերթի տոմսեր ունեցող քաղաքացիներին որեւէ մեկը բացատրություն չի տվել: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը: «Երբ փորձեցինք իմանալ, թե ինչ խնդիր կա, ասացին, որ թռիչքը ոչ թե հետաձգված կամ տեղափոխված է, այլ՝ հանված: Փոխհատուցում էլ չկա: Ասեցին մեկ ամսում կտան էդ գումարը: Ահավոր է: Մենք երկկողմանի 5 տոմս էինք գնել «Պոբեդա»-ից, որ եկել էինք Գյումրի, վճարել 40.000 ռուբլի: Եվ այսօր էլ գնալու էինք: Ու էսպես եղավ, հիմա էլ փոխհատուցում չկա: Բայց ստիպված եմ գնալ, հիմա Երեւան եմ գնում, տոմսեր պատվիրեցի, ճար չկա, պետք է գնանք, 1 տոմսի համար վճարելու եմ 80.000 ռուբլի, որ տեղ հասնեմ»,-լրատվականի հետ զրույցում ասել է ուղեւորներից մեկը: Լրատվամիջոցը նշում է, որ առավել անելանելի էր այն ուղեւորների վիճակն, ովքեր պետք է Մոսկվայից շարունակեին իրենց ճանապարհը: Մեծ էր հատկապես Սուրգութ մեկնողների թիվը: Որեւէ մեկը չկար, որ շիվարած եւ փաստացի խաբված մարդկանց կարողանար իրավիճակը նորմալ բացատրել եւ հստակեցնել, թե փոխհատուցման խնդիրն ինչպես է լուծվելու, ինչպես են հասնելու Մոսկվա, որ իրենց ճանապարհը շարունակել կարողանան: Փաստացի ռուսական ավիափոխադրողն այսօր խաբեց Գյումրի-Մոսկվա չվերթի 180 ուղեւորներին, ովքեր օրեր առաջ Գյումրի էին ժամանել Մոսկվայից գնված երկկողմ տոմսերով: Ի դեպ, նույն խուճապն է եղել նաեւ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: «Պոբեդա»-ով Մոսկվա գնալու հնարավորությունից զրկված ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է. «Տղես մնաց Մոսկվա, չկարողացավ գար Լենինական էդ ռեյսով: Կռիվ-դավով տոմսերը փոխեցի: Ամենաուռոդ կամպանիան է: Ժողովուրդը կոտորվում էր օդանավակայանում, հոչ բան չէին բացատրում: Ինչ-որ պագրանիչնիկների հետ պրոբլեմ ուներ «Պոբեդա»-ն: Աչքիս կանտրաբանդա էին բռնել, բայց ոչ պասաժիրներինը»

Քաղաքականություն

Պատահարներ