Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ուղևորներից մեկը տեղում մահացել է
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը իր վարած Nissan X Тrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, մահացածն ու վիրավորները, որոնց մեջ կա նաև երեխա, ազգականներ են։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Քաղաքականություն

Պատահարներ