ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը Սարգսյանի դեմ ցուցմո՞ւնք է տվել
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ոստիկանության 6-րդ վարչություն էր հրավիրվել քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը: Վարչությունում նրան հայտնել են, որ իր դեմ բողոք է ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը. «Դա կապված էր մի գրառման հետ, որտեղ հարցրել էի, թե ինչու է Սեյրան Օհանյանը ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ: Ինեսա Պետրոսյանը դիմել է 6-րդ վարչություն, որ նախաքննական գաղտնիք եմ հրապարակել: Ըստ էության, ստացվում է` Սեյրան Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, ինչը և հաստատվեց այդ դիմումով: Սեյրան Օհանյանը նաև իմ գրառման մեջ սպառնալիք է տեսել` իբր ես սպառնացել եմ իրեն գնդակահարությամբ»,- նշեց Նարեկ Սամսոնյանը: Նարեկ Սամսոնյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Սամսոնյանը նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ պատասխանատվության ենթարկվի. «Ուղղակի պատահաբար ֆեյսբուքյան անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստատուսի մեջ: Դրան հետևել է բողոք, որով էլ հաստատվում է, որ դա ճիշտ էր: Մեր ենթադրությունն այն էր, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն` կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան, քաղաքացիական ակտիվության հետ»: Շարունակությունը՝ Tert am-ի տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ