Ծաղկաձորում կտրվել է ատրակցիոնի պարանը, քաղաքացին վնասել է ոտքը․ գործունեությունը դադարեցրել են
Ծաղկաձոր քաղաքի որոշ ատրակցիոններում մեղմ ասած անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Այս հարցով AuororaNews-ը ստացել է բողոք, որի հետքերով էլ գնացինք։ AuororaNews-ին դիմած քաղաքացին մասնավորապես նշում է․ «Ձյան վրա սահելու փուչիկներ կան, որոնցից օգտվել ենք կիրակի օրը։ Բարձրանալուց ճանապարհի կեսից պարանը կտրվեց, մարդը, որը նստած էր փուչիկի վրա՝ արագության տակ հետ սահեց և բախվեց դիմացինին, ոտքը վնասվեց։ Հենց մեր աչքի առաջ այդ նույն պոկված պարանը կարկատեցին և շարունակեցին աշխատել»։ Նրա խոսքով՝ մոտեցել են աշխատակիցներին, հետաքրքրվել, թե ինչո՞ւ են նույն հնամաշ պարանով շարունակում աշխատել վտանգելով մարդկանց կյանքը․ «Ասում ենք, թե ինչո՞ւ եք նորից կապում պոկված պարանը, մեզանից հետո էլի ուրիշ մարդ է վնասվելու՝ ձայն չհանեցին, ոչ մի արձագանք»։ AuororaNews-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը նշեց, որ նման կազմակերպությունների գործունեությունը նախարարության վերահսկողության ներքո չի գտնվում։ AuororaNews-ը կապ հաստատեց Ծաղկաձորի համայնքապետի տեղակալ Գարիկ Հայրապետյանի հետ, փորձելով ճշտել՝ տեղյա՞կ են խնդրից և որևէ կերպ վերահսկվում է ոլորտը, թե ոչ։ Պարոն Հայրապետյանը ծանոթանալով բողոքին, ճշտեց մանրամասներն ու քիչ անց ասաց, որ նշված կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արգելել եմ աշխատանքը։ Մինչև բոլոր պարանները, ճոպանները կամրացնեն, կզանգեն կտեղեկացնեն, որ ամեն բան նորմալ է, կգնանք կհամոզվենք, որ խնդիր չկա՝ նոր կվերաբացվեն։ Անձամբ կհետևեմ և լուրջ փոփոխության դեպքում միայն կսկսեն աշխատել»։ Նշենք, որ խոսքը «Լավա աղբյուր» ՍՊԸ-ի մասին է։

Քաղաքականություն

Պատահարներ