Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանապետն արդարացվել է
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրադզանի նստավայրում լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրած և մասնագիտական գործունեությունը խոչնդոտած Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանն արդարացվեց: Դատարանը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացրեց, հայտնում է forrights. am-ը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արսեն Արզումանյանը՝ հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում մանրամասնել է. «Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Լրագրող Տիրայր Մուրադյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը: Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, ապա հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից»: Տիրայր Մուրադյանը գործով տուժող էր ճանաչվել: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ